Ծագումով որտե՞ղից եմ․․․․


Ես ծնվել եմ Երևանում, բայց ծագումով համաշխարհային😊 հայ եմ և մի քիչ էլ արաբ։

Իմ մորական պապս թեև ծնվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում, բայց ծագումով Սալմաստցի է (պատմական Հայաստանի Պարսկահայք նահանգի Սալմաստ գավառ): Նրա հոր գերդաստանը Սալմաստ գավառի Կալասար գյուղից էր, իսկ մոր գերդաստանը՝ Փայաջուկ գյուղից (այստեղ է ծնվել հայ նշանավոր գրող Րաֆֆին)։ Նրանք ամուսնացել և տեղափոխվել են Թեհրան, որտեղ էլ ծնվել է պապիկս։

Մորական տատս ծնվել է Սիրիայի հայաշատ Հալեպ քաղաքում և ծագումով Արևմտյան Հայաստանից է։ Նրա հայրը Դաշտային Կիլիկիայի Քիլիս գյուղից էր, իսկ մայրը՝ ծագումով Սասունցի։ Նրանք Հայոց Ցեղասպանության հետևանքով տեղահանվել ու մազապուրծ հասել ու հաստատվել են Հալեպում։

Իմ հորական պապս ծնվել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում, բայց ծագումով Կիլիկեցի է։ Նրա հոր և մոր գերդաստանները Կիլիկիայի Ադանա քաղաքից էին, ովքեր Հայոց Ցեղասպանության հետևանքով հայտնվեցին Արգենտինայում։

Հորական տատս թեև ծնվել է Արգենտինայի Սանտիագո դել Էստերո քաղաքում, բայց ծագումով արաբ է։ Նրա հոր գերդաստանը Սիրիաի Սադաթ գյուղաքաղաքից էր։ Այս գյուղը հայտնի է որպես քրիստոնեա արաբների գյուղ։ Նրա մոր գերդաստանը Լիբանանից է՝ հայրը՝ Տրիպոլիից, մայրը՝ Հասրուն գյուղից։
Այսպես ստացվում է, որ ես Սալմաստցի — Քիլիսցի — Սասունցի — Կիլիկեցի — Սիրիացի- Լիբանանցի եմ։

Սալմաստի բառբառ — Իշ խո ես (Ի՞նչ պես ես, ոնց ես)։
Վար տեղեն ես իկալի🤨 (Որտեղի՞ց ես գալիս)։
Ի՞նչ ես անելի (Ի՞նչ ես անում)։
Ես քեզ սիրաս եմ (Ես քեզ սիրում եմ)։
Քնուկ էմեր մնացել🤔 (Քնած էի մնացել)։
Այս ամբողջը ասել է իմ պապիկը որովհետև նա գիտի Սալմաստի բառբառ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրատարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով