Հ․ Թումանյան «Շունն ու կատուն»

Ժամանակով Կատուն ճոն էր,
Շունն էլ գլխին գդակ չուներ,
Միայն, գիտեմ ոչ` որդիանց որդի,
Ճանկել էր մի գառան մորթի:
Եկավ մի օր, ձմեռվան մտին,
Կատվի կուշտը տարավ մորթին:

— Բարի’ աջողում, ուստա Փիսո,
Գլուխս մրսեց, ի սեր աստծո,
Ա՛ռ էս մորթին ու ինձ համար
Մի գդակ կարի գլխիս հարմար:
Վարձիդ համար միամիտ մնա՛,
Համա-համա շատ չուշանա:

— Աչքիս վրա, քեռի Քուչի,
Մի գդակ ա, հո մի քուրք չի․
Քու թանկագին խաթեր համար
Ուրբաթ օրը համեցեք տար:
Փողի մասին ավելորդ ա,
Մեր մեջ խոսելն էլ ամոթ ա,
Ի՜նչ մեծ բան ա, տո՜, հե՛ր oրհնած,
Միա՜յն, միա՜յն մի գդակի վարձ:

Ուրբաթ օրը քեռի Քուչին`
Ուստից առաջ` բաց-բաց կուճին
Թափ-թափ տալով` ծանր ու մեծ,
Ուստա Կատվի շեմքում կանգնեց.
— Ուստեն ո՞ւր ա… փափախս ո՞ւր ա…
— Մի քիչ կացի, հրես կերևա:

Continue reading »

Հ․ Թումանյան «Խելոքն ու հիմարը»

Երկու ախպեր են լինում, մինը՝ խելոք, մյուսը՝ հիմար։ Խելոք ախպերը միշտ բանեցնում ու չարչարում է հիմարին։ Էնքան չարչարում է, որ հիմարը հուսահատվում է, մի օր էլ կանգնում է, թե՝
— Ախպեր, էլ չեմ ուզում քեզ հետ կենամ, բաժանվում եմ. իմ բաժինը տուր, գնամ ջոկ ապրեմ։
— Լա՛վ,— ասում է խելոքը.— էսօր էլ դու ապրանքը ջուրը տար, ես կերը տամ. երբ ջրից բերես, ո՛ր ապրանքը գոմը մտնի՝ ինձ, որը դուրսը մնա՝ քեզ։ Continue reading »

Գիտունիկ լուսինը

Լինում է չի լինում մի լուսին։ Այդ լուսինը շատ — շատ տարբեր էր իր ընկերներից և դրանից նա շատ էր նեղվում։ Հետո նա մտածեց, որ եթե նա լավ սովորի կնմանվի իր ընկերներին։ Այդպիսով սկսեց շատ սովորել։ Դրանից հետո նա լավ գիտեր մաթեմատիկա և գրել և նաև կարդալ։ Մի քանի օր անցավ և նա ավելի և ավելի սկսեց սովորել ու իմանալ, բայց նա տեսավ, որ նա իր ընկերներին ոչնչով չէր նմանվում։ Մի օր էլ նա մի գիրք գտավ, որի մեջ գրված էր «Եթե դու մյուսներից տարբեր ես չի նշանակում լավը չես։» Դրանից նա սկսեց լացել, քանի որ իր ընկերների հետ խաղալու և ուրախանալու փոխարեն նա սովորում էր և փորձում էր նրանց նմանվել, բայց պարզվեց որ մեկ է նրանց չի նմանվելու։ Սրբեց իր արցունքները և որոշեց այլևս իրենց չնմանվել այլ ուղղակի լավը լինել և ամենախելացին։ Այդ օրվանից հետո, բոլորը նրան անվանեցին «Գիտունիկ լուսին» և նա գնալով երկիրը լավացնում էր։

Հայ ժող․ հեքիաթ «Շաշ հյուրը»

Մի անգամ մի մարդ հյուր է գնում ընկերոջ տուն։ Ուտում է, խմում, իրիկնադեմին վեր է կենում, որ գնա տուն։ Մեկ էլ նայում է տեսնում՝ երկինքը տրաքեց, ու մի անձրև սկսեց, ոնց որ ջրհեղեղ։
— Պահո՜, էս ի՞նչ փորձանք էր, ո՞նց  եմ տուն գնալու,- ասում է էս հյուրը։
Տանտերը տեսնում է, որ էլ ճար չկա, ասում է․
— Լավ, ա՛յ ընկեր, էս անձրևին ո՞նց ես գնալու տուն, գիշերը մեր տանը մնա, էլ ո՞ր օրվա ընկերն ենք։
Վերջը հյուրը համաձայնում է։ Տանտերն ու կինը գործով են ընկնում։ Մեկ էլ նայում են տեսնում՝ հյուրը չկա։ Քիչ ժամանակ անց մեկ էլ հյուրը թրջված, ջուր դարձած, ներս մտավ։
— Ա՜յ մարդ, տունդ շինվի, էս անձրևին ո՞ւր էիր գնացել։
— Գնացի՝ տնեցիներին ասեմ, որ անձրևի պատճառով գիշերը ձեր տանն եմ մնալու։

Continue reading »

Հ․ Սահյան «Աշուն»

Աշնան օրերն են հասել,
Իջել է ամպը սարին,
Եվ հրաժեշտ է ասել,
Կռունկը մեր աշխարհին:

Բարդին էլ չի սոսափում
Արագիլի թևի տակ,
Դեղին թերթեր է թափում
Առվակի մեջ կապուտակ:

Կարմիր խարույկ է կարծես
Ծեր տանձենին անտառի,
Թվում է, թե մոտ վազես,
Ձեռք ու ոտքդ կվառի…

Քամին շատ էր թափառել,
Պարապ-սարապ թևը կախ,
Բայց արդեն գործ է ճարել,
Տեսեք ինչքան է ուրախ:

Continue reading »

Խոզն ու ագռավը

Մի դարավոր կաղնու տակ
Խոզը ագահ ու անհագ,
Այնքան կաղին զխտվեց,
Որ ցած ընկավ ու փռվեց:
Զարթնեց քնից ու տակից
Ծառը փորեց արմատից:
— Ի՞նչ էս անում, այ անգետ, —
— Ագռավն ասաց վերևից: —
Խա՞ղ էս անում ծառի հետ,
Կչորանա արևից:
— Չորանում է` չորանա,
Ինձ ի՞նչ օգուտ` զորանա,
Միայն կաղին ունենամ,
Ուտեմ, պառկեմ, գիրանամ:

Continue reading »