Լճերը ցամաքի բնական այն գոգավորություններն են, որոնք լցված են ջրով և ուղղակիորեն կապված չեն օվկիանոսի հետ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման`լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
Տեկտոնական ծագմամբ լճերը գոյացել են երկրակեղևի դարավոր շարժումների հետևանքով: Որպես արդյունք՝ ձևավորվել են բեկվածքներ և լցվել ջրով` առաջացնելով լճեր: Դրանք աշխարհի ամենախորը լճերն են, օրինակ`Բայկալը, Տանգանիկան և այլն:
Հրաբխային ծագմամբ լճերն առաջացել են հրաբուխների ժայթքումից, լինում են խառնարանային և արգելափակման: Խառնարանային լճերը փոքր են և ծանծաղ: Հայաստանի տարածքում հայտնի են Աժդահակը, Արմաղանը :
Արգելափակման լճերն առաջանում են այն դեպքում, երբ լավային հոսքերր փակում են գետի հունը, և ջուրը, կուտակվելով, գոյացնում է լիճ: Լավային հոսքերը նպաստել են նաև Սևանա և Վանա լճերի առաջացմանը: Արգելափակման լճեր կարող են առաջանալ նաև լեռնալանջերի փլվածքների հետևանքով: Տիպիկ օրինակը Հայաստանում Պարզ լիճն է:
Տեկտոնահրաբխային ծագմամբ լճերն առաջացել են երկու ուժի` երկրակեղևի շարժումների և հրաբուխների ազդեցությամբ: Նմանատիպ լճերից հայտնի են Սևանա և Վանա լճերը:
Սառցադաշտային ծագմամբ լճերը ձևավորվել են սառցադաշտերի քայքայիչ աշխատանքի հետևանքով առաջացած գոգավորություններում` հալոցքային և անձրևային ջրերի կուտակումից: Այդպիսի լճեր կան Արագած լեռան բարձրադիր մասերում, օրինակ’ Քարի լիճը:
Լճերի սնման հիմնական աղբյուր են մթնոլորտային տեղումները, ստորերկրյա ջրերը, սառցադաշտերի հալոցքաջրերը: Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Հոսուն լճերից է Սևանը, որից սկիզբ է առնում Հրազդան գետը: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում: Անհոսք լճեր են Կասպիցը, Արալը, Հայկական լեռնաշխարհում’ Ուրմիան, Վանը:
Որպես կանոն’ անհոսք լճերն աղի են, իսկ հոսունները’ քաղցրահամ:
Ջրամբարներ: Բացի բնական ճանապարհով առաջացած լճերից’ գո֊յություն ունեն նաև արհեստական լճեր, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Դրանք կոչվում են ջրամբարներ: Գետերի վրա կառուցվում են ամբարտակներ’ պատնեշներ, և կուտակում ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: Հայաստանում նույնպես կան կառուցված բազմաթիվ ջրամբարներ, որոնց ջուրը հիմնականում օգտագործում են ոռոգման նպատակով, օրինակ’ Ախուրյանի, Ապարանի և այլ ջրամբարներ:
Հարցեր և առաջադրանքներ
1. Ի՞նչ է լիճը:
Լիճը ցամաքի բնական այն գոգավորություն է, որը լցված է ջրով և կապված չի օվկիանոսի հետ:
2․ Լճային գոգավորություններն ըստ ծագման ի՞նչ տեսակների են լինում: Բերեք օրինակներ:
Լճերը միմյանցից տարբերվում են իրենց ծագմամբ: Ըստ ծագման’ լինում են տեկտոնական, հրաբխային, տեկտոնահրաբխային, մնացորդային, սառցադաշտային լճեր:
3. Որո՞նք են հոսուն և անհոսք լճերը: Բերեք օրինակներ:
Այն լիճը, որից գետ է սկիզբ առնում, կոչվում է հոսուն լիճ: Անհոսք է այն լիճը, որից ոչ մի գետ սկիզբ չի առնում:
4. Ի՞նչ է ջրամբարը: Ինչո՞ւ են ջրամբարներ կառուցում:
Ջրամբարները արհեստական լճեր են, որոնք ստեղծվել են մարդու կողմից: Ջրամբարների մեջ կուտակում են ջուրը:
5. Թվարկիր Հայաստանի լճերը և ջրամբարները:
Լճեր՝ Աժդահակր, Արմաղանր, Սևան, Պարզ լիճ, Քարի լիճ
Ջրամբարներ՝ Ախուրյան, Ապարան:
6․ Ի՞նչ նպատակով են օգտագործում ջրամբարում կուտակված ջուրը:
Ջրամբարներում կուտակված ջուրն օգտագործում են ոռոգման, ջրամատակարարման, էլեկտրաէներգիա ստանալու, նավարկության, ձկնաբուծության և այլ նպատակներով: