Գլխարկների անձրև Միլանում

Մի անգամ առավոտյան, Միլանում,  հաշվետար Բյանկինին բանկից գնում էր իր առևտրային ընկերություն: Հրաշալի օր էր: Երկնքում ոչ մի ամպ չկար: Երկինքը փայլում էր մաքրությունից, կապույտ երկնակամարում  վառ փայլում էր արևը, ինչն անսովոր էր նոյեմբերի համար: Հաշվետար Բյանկինին հրաշալի տրամադրություն ուներ: Առույգ քայլելով նա ուրախ երգում էր քթի տակ. «Ի՜նչ լավ օր է, ի՜նչ լավ օր, ժպիտներ են շուրջ բոլոր…»: Բայց ահա նա պատահմամբ  նայեց երկնքին և սառեց տեղում՝ զարմանքից բացելով բերանը: Ինչ-որ անցորդ բախվեց նրան և առիթը բաց չթողեց փնթփնթալ.

Հե՜յ, ուշքդ վրադ պահիր: Նայի՛ր, թե ուր էս գնում:
— Բայց ես չեմ գնում, ես կանգնած եմ… նայե՛ք:
— Էլ ո՞ւր «նայեմ»: Ես ժամանակ  չունեմ: Վա՜յ, ի՞նչ է սա: Ա՜յ, վա՜յ, վա՜յ:
Ահա՜-ահա՛, տեսաք: Եվ ի՞նչ կասեք այս մասին: 
— Բայց չէ՞ որ սրանք… գլխարկներ են…
Եվ իրոք, երկնագույն անամպ երկնքից հանկարծ գլխարկների անձրև թափվեց: Ոչ թե մի գլխարկ էր թռչում, որ կարող էր ինչ-որ անցորդի գլխից քամին թռցրած լինել և տանել օդով: Եվ ոչ էլ երկու գլխարկ էին թռչում, որոնք կարող էին պարզապես ընկած լինել ինչ-որ մեկի լուսամուտագոգից: Երկնքից էր թափվում, ավելի շուտ լողալով իջնում էին հարյուրավոր, հազարավոր, տասնյակ հազարավոր գլխարկներ: Դրանք տղամարդու և կանացի գլխարկներ էին, փետրավոր, ծաղկավոր, հովհարավոր և անհովհար գլխարկներ, ձիավարժության գլխարկներ, ականջավոր մորթե գլխարկներ, փափախներ, բերետներ, դահուկորդի՝ հյուսած գլխարկներ…

Continue reading »